Թավշե դիմակով դահիճը անդեմ
իբր օրերիդ մշուշն է վանում,
այնինչ ամենուր դահլիճ է ու բեմ,
ուր քո արյունն է դեռ շատրվանվում։
Լցվում է դահլիճ, դառնում ծով արյան,
ուր աթոռներ են ցիր ու ցան լողում,
այդ ծովի ափին աչքերով անահ
մի բոբիկ երազ թևերն է թողնում,
որ դեպի ծովը հեռանա անդարձ.
թվում է` վերջին քայլերն են մարում,
երբ արյան ծովի վրայով հանկարծ
բոբիկ երազն է Տիրոջ պես քայլում:
Ռուզան Հովասափյան